Սամսուն-Տրապիզոն-Սարփի արագընթաց երկաթուղու նախագիծը երկաթուղային կապ կապահովի Անկարայի, Թուրքիայի սևծովյան շրջանների և Վրաստանի միջև: Այս մասին Ռիզեում՝ իշխող կուսակցության համագումարում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այս նախագծի իրականացումից հետո Օրդու, Գիրեսուն, Տրապիզոն, Ռիզե և Արթվին քաղաքները միմյանց կմիանան Սամսունից մեկնարկող արագընթաց երկաթգծով։ Երկաթուղու շինարարությունը նախատեսվում է սկսել մոտ ժամանակներս։
«Մենք արագընթաց երկաթուղով իրար ենք կապում Տրապիզոն, Ռիզե և Արթվին քաղաքները։ Այսպիսով, Ռիզեն առաջին անգամ կհանդիպի երկաթուղու հետ, ես դա ասում եմ՝ նայելով տրանսպորտի նախարարի աչքերին»,-ասել է Էրդողանը։
Անցյալ տարեվերջին հայտնի դարձավ, որ թուրքական կառավարությունը սկսում է Սամսունն ու Սարփին միացնող երկաթուղու շինարարությունը։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ Սամսուն-Սարփի 509 կիլոմետրանոց երկաթուղին կսպասարկի տարեկան 10 միլիոն մարդու։