Մեծ Բրիտանիան 3 միլիոն ֆունտ (3,8 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինայից Սիրիա հացահատիկի մատակարարումներն ապահովելու համար: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է գերատեսչության ղեկավար Դեյվիդ Լամի Կիև ժամանելուն պես։
Փաստաթղթում նշված է, որ Լոնդոնը 17 միլիոն ֆունտ ստերլինգ (21,2 միլիոն դոլար) կհատկացնի «Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնման և կայունացման նորարարական էներգետիկ նախագծերի համար»: Բացի այդ, Մեծ Բրիտանիան 10 միլիոն ֆունտ (12,5 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինայում փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար և 25 միլիոն ֆունտ (31,2 միլիոն դոլար) սոցիալական ծառայություններ տրամադրելու համար, ներառյալ օգնություն երեխաներին և հաշմանդամներին:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր, Մեծ Բրիտանիան պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 977 միլիոն ֆունտ ստեռլինգի (1,2 միլիարդ դոլար) ուղղակի տնտեսական օգնություն: Բացի այդ, թագավորությունը Ուկրաինային տրամադրել է Համաշխարհային բանկի վարկային երաշխիքներ՝ 4,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (5,1 միլիարդ դոլար) չափով: Տրամադրված ռազմական օգնության ծավալը կազմում է 7,8 միլիարդ ֆունտ (9,8 միլիարդ դոլար):