Արաբագետ Արմեն Պետրոսյանն Իրան-Իսրայել լարվածության համատեքստում մեկնաբանել է իրավիճակը տարածաշրջանում։
«Գնահատելով արդեն երրորդ օրը շարունակվող Իսրայել-Իրան լայնամասշտաբ բախման արդյունքները, ընթացիկ գործողությունների տրամաբանությունը՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարի(օրեր, գուցե շաբաթներ) համար կարելի է կանխատեսել՝ ականատես ենք ԴԵՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ ՀՅՈՒԾԻՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ։
Ըստ այդմ.
📌Իսրայելը շարունակում է նպատային գործողությունները ոչ միայն նախանշված՝ միջուկային, հրթիռային և այլ ռազմական օբյեկտների, մարդկային ռեսուրսների, այլև՝ Իրանի համար կենսական նշանակության տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների դեմ։ Հրեական պետությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ, տիրապետում է բազմաթիվ կարևոր թիրախների, ստանում է դաշնակիցների բազմաշերտ աջակցությունը, ձգտում է հասնել պլան-մաքսիմումին՝ Իրանում վարչակարգի փոփոխությանը։
📌Իրանը, չնայած լրջագույն ռազմավարական, մարդկային, ենթակառուցվածքային կորուստներին՝ դեռևս տիրապետում է բավարար ծավալի ռեսուրսների(հեռահար հրթիռներ, հարստացված ուրան, պրոքսի աջակցություն), այս հակամարտության առանձնահատկություններին համապատասխան Իսրայելին պատասխանելու, բայց ոչ համարժեք վնաս հասցնելու համար։
📌Երկու երկրների ներսում էլ առայժմ իրավիճակը կառավարելի է, թեպետ արդենիսկ նկատվում են որոշ հասրակական՝ նաև արտաքին ուղղորդմամբ ըմբոստության միտոումներ։
📌Միջազգային հանրության ջանքերն առայժմ բավարար և անհրաժեշտ չափով նպատակային չեն՝ այս հակամարտության հետագա ծավալումը կանխելու առումով
📌📌Հայաստանի համար արդենիսկ նկատվող և կանխատեսելի ապագայում հնարավոր հետևանքները.
📌Հնարավոր են որոշակի խափանումներ Իրանի հետ տնտեսական կապերի իրացման, Իրանի տարածքով բեռնափոխադրումների ոլորտներում։
📌Հնարավոր են խնդիրներ Իրանից Հայաստան գազամատակարարման հետ կապված։
📌Առաջիկա օրերին գուցե նկատվի ցամաքային ճանապարհով իրանահայերի նաև իրանցիների փոքր հոսքեր դեպի Հայաստան։
📌Արդեն իսկ նկատվում է Ադրբեջանի կողմից իրավիճակային քարոզչական հարձակումներ Հայաստանի դեմ։
Վերոնշյալի համատեքստում, քանի դեռ ակտիվ է Հայաստանի հարևանությամբ շարունակվող հակամարտությունը, Երևանի կարևորագույն օրակարգային խնդիրը պետք է լինի դրա հնարավոր ազդեցությունները հաշվարկելու, հնարավոր մարտահրավերները կանխելու քաղաքականությունը, քանի որ այս պահին կանխատեսելի ամենալուրջ անվտանգային վտանգները պայմանավորված են Իրանի դեմ և շուրջ տեղի ունեցող գործընթացներով»։
Արմեն Պետրոսյան








