Իրանական մեդիա-փորձագիտական դաշտն ահազանգում է, որ Իսրայելի հարձակումների ընթացքում կործանիչները գալիս են Ադրբեջանի տարածքից։
ԻՀՊԿ-ի անունով գործող որոշ իրանական տելեգրամյան ալիքներն այս օրերին տարածում են Ղազվինում բնակվող քաղաքացիների կողմից հաղորդված տեղեկություններ, որ իսրայելական հարձակումների ընթացքում կործանիչները գալիս են Ադրբեջանից։ Քաղաքացիներն ասում են, որ ամեն անգամ, երբ Ղազվինի Ալմութ շրջանից լսվում է կործանիչի հզոր ձայն, մոտ տասը րոպե անց Թեհրանը ռմբակոծվում է։


Անդրադառնալով Իրանի հյուսիսային սահմանների մոտ Իսրայելի հարձակումներին՝ այդ մասին բարձրաձայնել է նաև Իրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս և Կովկասի հարցերով իրանցի վերլուծաբան Էհսան Մովհադեանն իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՄՈՍԱԴ»-Ի ՀԱՐԹԱԿ ԻՐԱՆԻ ԴԵՄ
«Իսրայելի անօդաչու սարքերի մուտքն Ադրբեջանի տարածքից դեպի Իրանի տարածք փաստագրված և պաշտոնապես հաստատված է։ Սա սխալ չէ, այլ բացահայտ դավաճանություն Ալիևի կառավարության կողմից։ Ադրբեջանը ՝ Իլհամ Ալիևի ուղիղ համաձայնությամբ, փաստացի դարձել է «Մոսադ»-ի հետախուզական անօդաչու սարքերի գործարկման հարթակ Իրանի դեմ»,-ասել է նա Ադրբեջանի գործողությունները որակելով որպես «բացահայտ դավաճանություն Իրանի ազգային անվտանգության նկատմամբ»։
«Քանի՞ անգամ դեռ պետք է իսրայելական անօդաչու սարքերը մուտք գործեն Իրանի տարածք՝ Ադրբեջանի հողից, որպեսզի Իրանը վերջապես հանի այս երկիրը բարեկամների ցանկից»,-հարցրել է իրանցի փորձագետը։
ՄԱՀՎԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մովահեդիանը, շեշտելով այս խնդրի անվտանգային հետևանքները, ասել է. «Մահվան թռչունները թռչում են մեր երկրի հյուսիսից, և Ադրբեջանի սահմանները վերածվել են սիոնիստական ռեժիմի լրտեսների ու ռազմական սարքավորումների անցուղու։ Այդ երկրի մեդիան նույնպես դարձել է սիոնիզմի խոսափողը տարածաշրջանում»։
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ Է՝ ԴԱՆԱԿԸ ՁԵՌՔԻՆ
Իրանցի փորձագետը եզրափակել է․ «Այսօր Ադրբեջանը ոչ թե Իրանի ժողովրդի կողքին է, այլ դանակը ձեռքին՝ թիկունքում։ Ժամանակն է, որ Թեհրանը լրջորեն վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը Բաքվի նկատմամբ»։









