Ռուսաստանում վառելիքի ճգնաժամի ֆոնին առնվազն 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների՝ ավիացիոն վառելիքով լիցքավորումը։ Այս մասին հայտնում է «DW»-ի ռուսական ծառայությունը։
Առաջին սահմանափակումները Ռուսաստանում մտցվել էին դեռևս հունիսին, իսկ սահմանափակումների երկրորդ ալիքը սկսվել է սեպտեմբերին։
Սահմանափակումների գործողության ժամկետը տարբեր օդանավակայաններում կազմում է մեկից մինչև գրեթե յոթ ամիս։ Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում սեպտեմբերի 2-ից մինչև 2027 թվականի մարտի 16-ը ինքնաթիռների լիցքավորումը թույլատրվում է միայն չվերթի պլանին համապատասխան՝ առանց լրացուցիչ վառելիքի։ Նման սահմանափակում գործում է նաև Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանում՝ հունիսի 8-ից մինչև դեկտեմբերի 6-ը։
Սահմանափակումները վերաբերում են ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ավիափոխադրողներին։ Միաժամանակ, 26 օդանավակայաններից 15-ում դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ավիաընկերություններին։
Օդաչուներին ուղղված ծանուցումներում նշվում է, որ արտասահմանյան ավիաընկերությունների ինքնաթիռների լիցքավորումը սահմանափակվում է մեկ չվերթ իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի ծավալով։ Նման սահմանափակումներ գործում են, մասնավորապես, Կազանի, Ուֆայի, Պերմի, Եկատերինբուրգի, Չելյաբինսկի, Տյումենի, Իրկուտսկի, Վլադիվոստոկի, Խաբարովսկի և Յակուտսկի օդանավակայաններում։ Ուֆայում սահմանափակվել է նաև ոչ կանոնավոր չվերթներ իրականացնող ինքնաթիռների լիցքավորումը։
Ավիացիոն վառելիքի հետ կապված առավել բարդ իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի հարավում, որտեղ օդանավակայանների մի մասը փակ է։ Գործող վեց օդանավակայաններից Սոչիում, Վոլգոգրադում և Աստրախանում վառելիքի սահմանափակումները վերաբերում են ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ավիափոխադրողներին։ Կրասնոդարի, Միներալնիե Վոդիի և Վլադիկավկազի օդանավակայաններում սահմանափակվել է օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռների լիցքավորումը։








