Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում։
Նազելի Բաղդասարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։
Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում։
Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,- գրել է Բաղդասարյանը։
Ավելի վաղ Վաշինգտոնում գործող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, որն առաջինն էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման մասին, X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանությունը դուրս է եկել, իսկ եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։
«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։








