Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունն ընդհանրապես կապ չունի ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հայտարարությանը:
«Ընդհանրապես, սա այն իրավիճակն է, որ այս թեմայի հետ մենք պետք է առերեսվենք: Պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր իրականության, մեր պետության շահերի և մեր ժողովրդի շահերի հետ ընդհանրապես որևէ կա չունի: Մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի ուղղակի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ-որ մի բա՞ն: Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք: Էլի եմ ասում՝ մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա:
Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հիմա եկեք անդրադառնանք և գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից, ի՞նչ ենք մենք ստացել դրանից: Այսինքն՝ մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առևտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տա՞լն է ուրիշներին»,- նկատեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ միջազգային գործընկերների հետ խոսել է այս թեմայով, փորձել է նույնիսկ հասկանալ որոշ երկրների ղեկավարների դիրքորոշումը հարցի վերաբերյալ, թե ինչու են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչ մոտիվացիայով, և ըստ նրա՝ հիմնական մոտիվացիան եղել է քաղաքական ընտրություններին ավելի շատ ձայներ ստանալը, ինչը, ըստ վարչապետի, կապ չունի ՀՀ ժողովրդի շահերի հետ:
Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի վարչապետը հարցազրույց էր տվել ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդին, որի ժամանակ վերջինս հարց է տվել, թե ինչու Նեթանյահուն չի ճանաչում հայերի և ասորիների ցեղասպանությունը: Իսրայելի վարչապետը պատասխանել էր. «Կարծում եմ՝ ճանաչել ենք»: Հաղորդավարի դիտարկմանը, թե Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը՝ Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր արեցի դա»:






