ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Հարավային Կովկասում պատերազմը անհնար է։ Այս մասին նա հայտարարել է RTVI-ին տված հատուկ հարցազրույցում։
Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանն այժմ աշխատում է բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։
«Ես նույնպես վստահ եմ, ինչպես վարչապետն է ասում, որ մենք խաղաղություն կունենանք տարածաշրջանում, Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային», – ասել է Հայաստանի նախագահը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրությունը փոխելու հարցին, Խաչատուրյանը շեշտել է, որ առհասարակ, իշխանությունները Սահմանադրությունը ցանկանում էին փոխել մինչև այս բոլոր իրադարձությունները, և որ գործող Սահմանադրությունը չի խոչընդոտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Ես նկատի ունեմ 2018 թվականից հետո եկած իշխանությունները: Դրա մասին խոսք է բացվել հենց անմիջապես դրանից հետո, և նույնիսկ ստեղծվել է հանձնաժողով: Մարդիկ սկսել են աշխատել, քննարկել: Դա կապված չէ խաղաղության պայմանագրի հետ: Առանց դրա մենք պարզապես պետք է փոխեինք Սահմանադրությունը, քանի որ այն Սահմանադրությունը, որով հիմա աշխատում ենք, ստեղծվել է մեկ անձի գաղափարի հիման վրա՝ վարչապետ, որը պետք է լիներ վարչապետ»,-ասել է Խաչատուրյանը՝ ի նկատի ունենալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանն այլևս Ռուսաստանի կրտսեր եղբայրը չէ, և հարաբերություններն այժմ գործընկերային են։
«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե ավագ-կրտսեր եղբոր վերաբերմունք է, այլ պարզապես գործընկերություն։ Ինչին մենք ձգտում ենք վերջին չորս տարիների ընթացքում»,-ասել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով՝ Հայաստանին հաջողվել է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը։ Երևանը նաև հույս ունի, որ Մոսկվան «հաշվի կառնի Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները»։







