ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխությունը որևէ կապ չունի Հայաստան–Թուրքիա բանակցությունների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխման հարցը շրջանառության մեջ է դրվել շատ ամիսներ առաջ, երբ տեսանելի հորիզոնում անգամ տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան այցի մասին։ Ընդհանրապես Հայաստան–Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։ Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Դա իրականությանը չի համապատասխանում», – ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի անվտանգության ռազմավարության առանցքային սկզբունքը լեգիտիմությունն է։
«Մենք ինքներս պետք է ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով։ Սա անում ենք մեր պետության հարատևությունն ապահովելու համար։ Մեր պետությունը պետք է դրվի ճիշտ դիրքի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։
Սեպտեմբերի 11-ին կառավարությունը որոշում էր ընդունել պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխության վերաբերյալ։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ այն կապել էին Թուրքիայի հնարավոր պահանջների հետ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը, արձագանքելով այդ քննադատություններին, նշել էր, որ աշխարհի շատ երկրներում անձնագրերում կնիք ընդհանրապես չի դրվում, իսկ նոր կնիքների վրա լինելու է միայն սահմանահատման վերաբերյալ տեղեկատվություն՝ առանց որևէ այլ պատկերների, այդ թվում՝ Արարատ լեռան։