Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից ռուսական Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված ռուս օդաչուների հիշատակին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
Դեսպանն այցելել է Հայաստանի Արարատի մարզի Երասխ բնակավայր, ծաղիկներ դրել զոհված ռուս օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված օդաչուների հիշատակին։
Կոպիրկինը նշել է, որ 5 տարի առաջ այս օրը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև լարված բանակցություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն էր ստորագրվել, որի շնորհիվ դադարեցվել էր արյունահեղությունը ու սկիզբ դրվել միջոցառումների համալիրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ «Դրանց իրականացումը նաև ռուս զինծառայողների կյանքն է արժեցել, որոնց հերոսությունը երբեք չի մոռացվի»,- ասել է դեսպանը։
Ռուսական Մի-24 ուղղաթիռն Ադրբեջանի կողմից խոցվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ ռուսական կողմն անցել էր հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայմանը։
Ուղաթիռի խոցման հետևանքով զոհվել էին մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը, ևս մեկ զինվորական վնասվածքներ էր ստացել: Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել էր, որ սխալմամբ է խոցել ուղղաթիռը, և պատրաստակամություն էր հայտնել Մոսկվային փոխհատուցում վճարել:







