2022-ի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ՝ ՀՀ մշտական բնակչությունը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 90.5 հազար մարդ է: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Հանրապետության բոլոր 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 977.4 հազար, իսկ 954 գյուղերում՝ 1 մլն 113.1 հազար մարդ: Ըստ 2025-ի նախնական տվյալների՝ Երևանի բնակչությունը կազմել է 1 մլն 144.7 հազար, իսկ 2024-ին այդ թիվը կազմել էր 1 մլն 136.3 հազար: Մարզերից առավել շատ բնակչություն ունի Կոտայքը (296.1 հազար), իսկ ամենից քիչը՝ Վայոց ձորը (49.6 հազար): Նշվում է նաև, որ հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է 14.3 հազարով:
Հունվար-սեպտեմբերին բնական հավելաճը 4 հազար 634 մարդ է: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի՝ այդ ընթացքում Հայաստանում ծնվել է 23 հազար 698 երեխա, մահացել է 19 հազար 64 մարդ: Իսկ մեռելածինների թիվը կազմել է 286:
Նորածինների սեռերի հարաբերակցությունը, ինչպեսև 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:
Այս տարվա 9 ամիսներին հղիության հետ կապված բարդություններից, ինչպես նաև ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածներում մայրական մահացության դեպքեր չեն գրանցվել (2024-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել էր մայրական մահացության 6 դեպք):
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 10 հազար 238 ամուսնություն և 3617 ամուսնալուծություն: Այսինքն, 1000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք (նախորդ տարի՝ 293):








