Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է TRIPP նախագծի վերաբերյալ Իրանից պարբերաբար հնչող մտահոգություններին։ Նա նշել է, որ Հայաստանն ու Իրանը շատ լավ, բարեկամական մթնոլորտում քննարկում են երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը։
«2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մենք Իրանի տարբեր շրջանակների պաշտոնյաներից լսեցինք որոշակի մտահոգություններ TRIPP-ի վերաբերյալ։ Դրանից հետո բանակցություններ տեղի ունեցան, Հայաստանի փոխարտգործնախարարը մեկնեց Իրան, քննարկումներ տեղի ունեցան, այնուհետև Հայաստանի և Իրանի առաջնորդները հանդիպեցին։ Դրանից հետո պաշտոնական Թեհրանը որևէ կերպ, որևէ տեսակի առարկություն չի հայտնել TRIPP-ի շուրջ»,- նշել է Խանդանյանը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ ՀՀ կառավարությունը համարում է TRIPP նախագիծը, բխում է նաև Իրանի շահերից։








