Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին ավարտել է 200 կմ երկարությամբ սահմանապատնեշի կառուցումը։ «Euronews»-ի փոխանցմամբ՝ Հելսինկին հայտարարել է, որ այն կօգնի պաշտպանել ՆԱՏՕ-ի ամենաերկար ցամաքային սահմանը։
Սահմանապատնեշի կառուցման արժեքը կազմել է 356 մլն եվրո, իսկ տարեկան պահպանման ծախսերը, ըստ Ֆինլանդիայի սահմանային իշխանությունների, կազմում են 2-3 մլն եվրո։
«Այսօր հանգիստ է, բայց լարված, և մենք իսկապես չգիտենք, թե ինչ կլինի վաղը», – երկուշաբթի Նուիջամաա սահմանային անցակետի մոտ լրագրողներին ասել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
«Դա կարող է շատ արագ փոխվել, և այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք», – նշել է նա։
Սահմանապատնեշի կառուցումը սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ 2023 թվականի վերջին Ֆինլանդիայի արևելյան սահմանը հատել էր ավելի քան 1300 ներգաղթյալ՝ առանց վիզաների։ Հելսինկին Մոսկվային մեղադրել էր «հիբրիդային պատերազմ» վարելու և երրորդ երկրների քաղաքացիներին դեպի Ֆինլանդիայի սահման ուղղորդելու մեջ։ Կրեմլը հերքել էր մեղադրանքները։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան 2023 թվականի ապրիլին անդամակցել էր ՆԱՏՕ-ին, իսկ նույն տարվա վերջին փակել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը։ Բացառությամբ դեկտեմբերին երկու անցակետերի կարճատև վերաբացման՝ սահմանը մինչ օրս փակ է։








