19-12-2025 / 11:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշայան. «Հայկական ոսկեդարը Սիրիայում, ցավոք, ավարտվել է». Ermenihaber.am

2025/12/08 18:02
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Թուրք-սիրիական հարաբերությունների, մերօրյա Սիրիայում Թուրքիայի դերի և սիրիահայ համայնքում տիրող իրավիճակի վերաբերյալ «Ermenihaber.am»-ը զրուցել է արաբագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արաքս Փաշայանի հետ։

– Տիկին Փաշայան, Սիրիայում իշխանափոխությունից հետո անցել է 1 տարի, ինչպիսի՞ Սիրիա ունենք այսօր։

-Սիրիայում պատերազմի շրջանում կուտակվել են այնքան ահռելի խնդիրներ, որոնց կարգավորման համար տասնամյակներ են պետք։ Այնուամենայնիվ, Սիրիայի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, կայունությունն ու խաղաղությունը, հասարակական համերաշխությունը, բաժանար գծերի վերացումը, էթնոդավանական և դավանական տարբեր խմբերի միջև բարիդրացիական շփումների վերականգնումը, թշնամության վերացումը, վրեժխնդրության և էթնիկ զտումների կանխարգելումը։ Սրանք բարդ հարցեր են, որոնց լուծմանը պետք է ուղղորդված լինեն Սիրիայի ներկա իշխանությունների ջանքերը։ Մնացած քայլերը կարևոր են, բայց չեն հանգեցնելու Սիրիայի բուժմանը, չեն մոտիվացնելու մարդկանց միասնական Սիրիայի գաղափարի շուրջ։ Սիրիայի բոլոր քաղաքացիները պետք է հավասար իրավունքներ ունենան ու պետության կողմից հավասարապես պաշտպանված լինեն։ Սակայն անվտանգության հարցը լուծված չէ այսօր․ շարունակվում են գողությունները, կողոպուտները, առևանգումները և այլ հանցագործություններ։ Բացի այդ, էթնիկ զտումներ տեղի ունեցան ծովեզրյա՝ ալավիական և հարավային՝ դրուզական շրջաններում՝ էթնիկ ու կրոնական հատկանիշներով այս տարվա մարտ և հուլիս ամիսներին։

Այս երևույթներն անշուշտ նվազեցնում են վստահությունը Սիրիայի ներկա իշխանությունների կարողունակությունների վերաբերյալ, որոնք նախօրեին համայնքների կրոնական ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում անվտանգային երաշխիքներ էին տվել։ Մյուս կողմից, իրապես բարդ է վիճակն աշ-Շարաայի համար, որն ունի նաև ներքին ընդդիմության և ստիպված է ամեն ինչ սկսել զրոյից՝ հատկապես բանակի, անվտանգային ուժերի, ոստիկանության ձևավորումը, որի հիմքում ջիհադական այն նախկին կառույցներն են, որոնք մասնակցել են ահաբեկչական գործողություններին սիրիական պատերազմի շրջանում՝ ընդդեմ կառավարության։ Կան տեսակետներ, որ կառավարությունը կարող էր, բայց չի կանխարգելել ալավիների և դրուզների կոտորածները, սակայն ես այդքան էլ հակված չեմ հավատալ այդ մոտեցումներին, քանի որ կառավարությունն էլ պետք է որ գիտակցի անվտանգության անհրաժեշտությունը։ Այդ երևույթներն էականորեն նվազեցնում են իշխանությունների նկատմամբ վստահությունը, վնասում պետության միջազգային հեղինակությունը և ի վերջո ձախողելու ու ստվերելու են մնացած դրական քայլերը։

Իշխանությունները պետք է, որ քաղաքական կամք ցուցաբերեն անվտանգային խնդիրների լուծման հարցում։ Սիրիայի վերականգնման հետ կապված հարցերը ընթացքի մեջ են։ Այն պետությունները, որոնք կներգրավվեն Սիրիայի վերակառուցման մեջ, կունենան ազդեցություն ապագա Սիրիայում։ Այնպես որ ներկայում ունենք փխրուն անվտանգությամբ, փլուզված տնտեսությամբ ու ենթակառուցվածքներով և անորոշ հեռանկարով Սիրիա։

– Սիրիական գործընթացում ո՞րն է Թուրքիայի դերը, ի՞նչ այլ խաղացողներ կան Սիրիայում։

– Թուրքիան մեծ դեր ունեցավ սիրիական պատերազմի գեներացման հարցում։ 2011-2024 թթ․ ընթացքում ամենատարբեր աջակցություններն է ցուցաբերել հակակառավարական ընդդիմադիր ջիհադական շարժումներին՝ սկսած լոգիստիկայից մինչև ֆինանսական, կազմակերպչական, ռազմական, առողջապահական, զինվորական վերապատրաստման, գաղափարական և այլն։ Այնպես որ Թուրքիան այս հակամարտության մի բաղկացուցիչն էր և սերտ կապեր ուներ Ահմադ ալ-Շարաայի և այլ խմբավորումների հետ, որոնց մեջ կան պրոթուրքական և թյուրքմենական ուժերով համալրված խմբավորումներ։ Համարելով Սիրիան Օսմանյան կայսրության անբաժանելի մաս, Թուրքիան հատկապես Հալեպի նահանգը և այլ հարակից շրջաններ, համարում է պատմականորեն իր դոմենը, իր ազդեցության գոտին։ Չմոռանանք նշել, որ Թուրքիան բուֆերային գոտիներ է ստեղծել Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան քրդաբնակ շրջաններում՝ ամբողջությամբ գրավելով Աֆրինը։ Այնպես որ Թուրքիան Սիրիայից դուրս էլ չի եկել և բնականաբար ունի ազդեցության լուրջ լծակներ հետպատերազմական Սիրիայում, որի շուրջ կա մրցակցություն ռեգիոնի պետությունների, այդ թվում՝ Իսրայելի, Ծոցի արաբական երկրների միջև։

Հետապատերազմական Սիրիայում, որից դուրս է մղվել Իրանը, իսկ իրանական պրոքսիները զգալիորեն թուլացել են Իրաքում, Լիբանանում և Պաղեստինում, մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ը, նաև՝ ԵՄ-ն։ Իսկ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր դիրքերը՝ ցանկանալով պահել իր ռազմաբազաները Լաթաքիայում և Տարտուսում։ Սիրիայի վերակառուցմանը մասնակցելու ցանկություն ունի Չինաստանը, որը պայմանավորված անվտանգային և այլևայլ չլուծված հարցերով, առայժմ որոշակիորեն զգուշավոր է, բայց կողմ է Սիրիայի միասնականությանը, և կոնֆլիկտների դադարեցմանը։ Այնպես որ Թուրքիայի հետ կան մրցակցային պետություններ։ Չմոռանանք նշել, որ Թուրքիան անում է ամեն ինչ Ադրբեջանին բերելու Սիրիա, որպեսզի նրանք փոխլրացնեն ու օգնեն միմյանց։ Սիրիական ուղղությամբ Ադրբեջանն այսօր շատ ակտիվ է, ցանկանում է Սիրիայում ներդնել իր էներգետիկ և միջնորդական դիվանագիտությունը, ավելի մոտենալ Մերձավոր Արևելքին և ելք ունենալ դեպի Միջերկրական ծով։

– Թուրքիան ո՞ր ոլորտներում է աջակցում Սիրիային և ի՞նչ խնդիրներ է ցանկանում լուծել Սիրիայում նոր կառավարության միջոցով։

– Թուրքիայի ամենաառաջնային խնդիրը կապված է քրդական գործոնի է։ Թուրքիային հաջողվեց զսպել քրդական ամբիցիաները ոչ միայն Թուրքիայում, այլև Սիրիայում՝ ջարդելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ուժը։ Ասվածի ապացույցն է 2025 թ․ մարտին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDK) հետ կնքած պայմանագիրը աշ-Շարաայի հետ, որը փաստացի զինադադարի, զենքերը վայր դնելու և վերաինտեգրվելու մասին է։ Շատ ոլորտներում է Թուրքիան աջակցում Սիրիային, մեծ գործ է անում պետական ինստիտուտների վերակառուցման, պաշտպանական համակարգի ձևավորման, ենթակառուցվածքների, էներգետիկ, կրթական ոլորտի, տրանսպորտի ու կապի զարգացման հարցում։ Նաև շատ ակտիվ առևտրաշրջանառություն ունի Սիրիայի հետ, մեծ ծավալի հումանիտար օգնություն է ցուցաբերել։

– Ի՞նչ պատկեր ունենք ներկայումս սիրիահայ համայնքում։

– Կարծում եմ՝ բավական տխուր։ Սիրիահայ համայնքն էապես թուլացած է դուրս եկել սիրիական պատերազմից և չնայած կլինեն մարդիկ, ովքեր կմնան, բայց կլինեն նաև նոր արտագաղթողներ։ Սիրիահայ համայնքը քրիստոնյա համայնքի մի բաղկացուցիչն է, իսկ քրիստոնեության ապագան Մերձավոր Արևելքում վտանգված է։ Հայ համայնքի համար հետապատերազմական Սիրիայում առաջացել են անվտանգության, թուրքական գործոնի ակտիվացման, տնտեսական, սոցիալական, կրթական, և այլևայլ խնդիրներ, որոնք մեծ մտահոգություններ են առաջ բերել հեռանկարի հետ կապված։ Չնայած ավանդական կրոնական և աշխարհիկ կառույցներն ամեն ինչ անում են, որ համայնքը պահպանվի և նորմալ հունի մեջ մտնի, սակայն շատ հարցականներ կան։ Մյուս կողմից, կան մարդիկ, ովքեր սիրիական հայրենասերներ են, հոգևոր և ֆիզիկական մեծ կապ ունեն սիրիական միջավայրի հետ, Սիրիան համարում են իրենց հայրենիքը։ Կան տարիքն առած մարդիկ, ովքեր պարզապես չեն ուզում դուրս գալ Սիրիայից։ Իմ համար ամենացավալին Քեսաբի պարագան է։ Քեսաբը Կիլիկյան Հայաստանից մնացած վերջին հողակտորն է, որտեղ այսօր ընդամենը հազար հայ մարդ է ապրում։ Հեռանում են Քեսաբից, որովհետև չկա հեռանկար։ Այդպես է կյանքի հրամայականը։ Այնպես որ, չնայած համայնքը շարունակելու է գոյություն ունենալ, բայց ավելի իներցիայով, առաջիկայում ապրելով տագնապային իրավիճակում, քանի որ պետական համակարգը, որպես այդպիսին, լիովին չի գործում։ Մյուս կողմից, ներկա Սիրիան աղերսներ չունի նախկին Սիրիայի տրամաբանության հետ։ Ամեն դեպքում, այն ինչ տեղի ունեցավ ռեգիոնի հայ համայնքների հետ, մտահոգիչ է ու հուսահատեցնող։ Սիրիահայ համայնքը երկար ժամանակ ծառայել է որպես կամուրջ Հայաստան-Սիրիա հարաբերություններում, եղել հայկական մշակույթի և ինքնության պահպանման ամենակարևոր հարթակը, որն ուղենիշային է եղել հայկական Սփյուռքի զարգացման համար՝ երկար տարիներ սնելով Սփյուռքին ուսուցիչներով, հոգևորականներով, արվեստների ու արհեստների ներկայացուցիչներով։ Սակայն այսօր, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք՝ որ հայկական ոսկեդարը Սիրիայում, ցավոք, ավարտվել է։

– Սիրիայում իշխանափոխությունից հետո ի՞նչ ուղղությամբ են զարգանում Հայաստանի ու Սիրիայի հարաբերությունները։

– Բնականաբար, հարաբերությունները չեն լինի առաջվա նման։ Դա պարզ է, քանի որ նախկին Սիրիայից էլ բան չի մնացել։ Եվ հետո, Սիրիայի արտաքին քաղաքական ուղենիշներն էլ են փոխվել։ Հարավային Կովկասում Սիրիան ներկայումս մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը մանավանդ ռեգիոնից Իրանի դուրս մղումից հետ։ Հայկական գործոնի թուլացումը շահավետ է առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Բաքուն միշտ համարել է, որ Սիրիայում հայկական գործոնը խանգարել է իրենց, որ նախկին վարչակարգը պրոհայկական կողմնորոշում ուներ և այլն։ Այստեղ շատ վիճելի հարցեր կան, որոնք առանձին քննարկման թեմա են։ Տեղյակ եմ, որ Սիրիա-Հայաստան հարաբերությունները թեև դանդաղ, սակայն ներկայումս զարգանում են նորմալ հունով, երկուստեք կա հետաքրքրվածություն և որքան էլ կարող է զարմանալի թվալ՝ կա փոխգործակցություն։ Հայ-սիրիական հարաբերություններն ու բարեկամությունը պատմականորեն է ձևավորվել, հետևաբար ցանկալի է, որ Սիրիայում գիտակցեն այդ հանգամանքը։

Հեղինակ՝ Անի Գալստյան
Աղբյուր՝ Ermenihaber.am

Նախորդ Լուրը

Ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Հաջորդ Lուրը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025
Անվտանգություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը»

19/12/2025
Անվտանգություն

Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են 2026-ի պաշտպանական համագործակցության ծրագիրը

19/12/2025
Հաջորդ Lուրը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը»

19/12/2025

Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են 2026-ի պաշտպանական համագործակցության ծրագիրը

19/12/2025

ԵՄ-ն վերսկսում է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

19/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)