Ադրբեջանին անհանգստացրել է դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված «ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ պնդելով, որ դա լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ ներառում է առաջնահերթություններ, որոնք «խեղաթյուրում են հետկոնֆլիկտային իրողությունները և հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ փաստաթղթում ներառվել են կետեր, որոնք «ուղղված են Ադրբեջանի դեմ, ինչը բացասաբար է անդրադառնում Բաքվի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հեռանկարների վրա»։
Ադրբեջանական կողմին վրդովեցրել է փաստաթղթում շրջանառվող «Ղարաբաղի հայեր, որոնց դարձել են տեղահանված հայեր» եզրույթը, այն, որ ԵՄ-ն աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարումը, բացի այդ, շարունակելու է հանդես գալ ի պաշտպանություն հայ բանտարկյալների և այլ կալանավորված անձանց ազատ արձակմանը ու ջանքեր է գործադրելու՝ չլուծված մարդասիրական խնդիրները կարգավորելու համար։
Պաշտոնական Բաքուն մտահոգություն է հայտնել նաև Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության շարունակական ներկայության վերաբերյալ։
Նշենք, որ Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունը դեկտեմբերի 2-ին ընդունել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը հավանության է արժանացել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի կողմից՝ փոխարինելով 2017թ. Գործընկերության առաջնահերթություններին եւ ձեւավորելով ավելի հավակնոտ ու համապարփակ շրջանակ համատեղ գործողությունների համար։
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) հիման վրա մշակված ռազմավարական օրակարգն արձագանքում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ կապերը խորացնելու հայտին։ Փաստաթուղթն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ, մասնավորապես՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, արդարադատության բարեփոխումներ, մարդու իրավունքներ, սոցիալ-տնտեսական զարգացում, կապիտալի շուկա, էներգետիկ անվտանգություն, թվային փոխակերպում, առևտրի դիվերսիֆիկացում, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցություն։







