Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ավարտվել է Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Վիրահատությունն անցել է բարեհաջող»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սարգսյանը:
Միքայել արքեպիսկսպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 16-ին։ Դրանից առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր բարձրաձայնել, որ հոգևորականն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել էր, որ արքեպիսկոպոսը պետք է համապատասխան դիմում ներկայացնի, որին ընթացք կտրվի։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։







