Ադրբեջանական «Unikal.az» կայքը գրել է, որ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կարող է ձերբակալվել, եթե այցելի Ադրբեջան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Ըստ ադրբեջանական կայքի՝ Զոնաբենդին կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում՝ 2022 թվականին Ղարաբաղ «անօրինական» մուտք գործելու համար։ Հոդվածում նշվում է, որ եթե նա մտնի Ադրբեջանի տարածք, կարող է պատասխանատվության ենթարկվել այդ այցի համար։
Զոնաբենդը նախատեսում էր այցելել Բաքու՝ այնտեղ պահվող իր ամուսնուն՝ Ռուբեն Վարդանյանին տեսակցելու նպատակով։ Հայրապետյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը նախկինում ևս դժգոհություն է հայտնել այդ նախաձեռնության վերաբերյալ։
Հայրապետյանը նշում է, որ ադրբեջանական կայքի հրապարակումը ակնհայտ սպառնալիք է Վարդանյանի կնոջ նկատմամբ, որի միջոցով փորձում են կանխել նրա հնարավոր այցը Բաքու և ամուսնու հետ տեսակցությունը։
Նրա խոսքով՝ հրապարակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ գերիների հետ կապված զարգացումները խնդրահարույց են Բաքվի համար։ Հայրապետյանը կարծում է, որ ադրբեջանական կողմի գլխավոր նպատակն է, որպեսզի այդ հարցը մոռացվի և դրա շուրջ չխոսվի։ Մինչդեռ, ըստ նրա, գերիների ազատ արձակման համար կարևոր նշանակություն ունի այդ թեմայի շուրջ խոսակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։







