Իսրայելի միապալատ խորհրդարանը՝ Քնեսեթը, մայիսի 17-ին հաստատել է 35-րդ կոալիցիոն կառավարության կազմը, որը վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձևավորել է մարտի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Դրանք գրեթե մեկ տարվա ընթացքում Իսրայելում տեղի ունեցած երրորդ ընտրություններն էին։
Ինչպես տեղեկացնում է Քնեսեթի պաշտոնակայքը՝ խորհրդարանի խոսնակ է ընտրվել ներքին անվտանգության նախարար, վարչապետ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության անդամ Յարիվ Լևինը։
Կառավարության կազմին վստահություն են հայտնել 120 պատգամավորներից 73-ը, որից հետո Նեթանյահուն և նրա կոալիցիոն գերծընկեր Բենի Գանցը մասնակցել են երդմնակալության արարողությանը:
«Լիկուդ» և «Կախոլ-Լավան» կուսանկցությունների միջև կնքված կոալիցիոն համաձայնությամբ՝ Նեթանյահուն վարչապետի պաշտոնը կզբաղեցնի 18 ամիս, որի ընթացքում «Կախոլ-Լավան» կուսակցության առաջնորդ Բենի Գանցը կզբաղեցնի փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2021թ․ նոյեմբերի 17-ին վարչապետի պաշտոնը կստանձնի Գանցը, իսկ Նեթանյահուն կփոխարինի վերջինիս փոխվարչապետի պաշտոնում։
Մինչ կոալիցիոն կառավարություն ձևավորելը՝ Իսրայելում 3 խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Առաջինը տեղի ուենցավ 2019թ․ ապրիլին։ Ընտրություններում հաղթեց Նեթանյահուն, սակայն խորհրդարանում մեծամասնություն ձևավորել նրան չհաջողվեց։ Արդյունքում նշանակվեցին նոր ընտրություններ։ Սեպտեմբերին կայացած երկրորդ ընտրություններում Նեթանյահուն և Գանցը ստացան գրեթե հավասար քվեներ, բայց նրանցից ոչ մեկին չհաջողվեց կառավարություն ձևավորել։ Այդ ժամանակ Նեթանյահուն առաջարկեց ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Սակայն Գանցը չհամաձայնվեց։ Երրորդ ընտրություններն անցկացվեցին 2020թ․ մարտին։ Ի վերջո, երկու լիդերները, այնուամենայնիվ, կարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում։