Եգիպտոսն ու Եթովպիան հայտարարել են միմյանց դիվանագետներին արտաքսելու մասին՝ երկու երկրների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունների հերթական սրման ֆոնին։ Այս մասին հայտնում է «The National»-ը։
Եթովպիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 1-ին եգիպտացի բարձրաստիճան դիվանագետ Ահմեդ Մոհարամ Ահմեդ Սոլիմանին հանձնարարել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը՝ չնշելով որոշման պատճառը։ Ի պատասխան՝ Եգիպտոսը հայտարարել է Կահիրեում Եթովպիայի դեսպանության խորհրդականին արտաքսելու մասին՝ նրան ևս երկու օր ժամանակ տալով երկիրը լքելու համար։
Դիվանագիտական այս քայլերին նախորդել էր Եթովպիայի և Եգիպտոսի սերտ գործընկեր Էրիթրեայի հարաբերությունների սրումը։ Եթովպիան որոշել էր փակել Էրիթրեայում իր դեսպանությունը և Էրիթրեայի տասը դիվանագետի հայտարարել անցանկալի անձ։ Ի պատասխան՝ Էրիթրեան խզել էր դիվանագիտական հարաբերությունները հարևան երկրի հետ։
Ադիս Աբեբան Եգիպտոսին, Էրիթրեային և Սուդանին մեղադրում է «Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի» գլխավորած ընդդիմադիր դաշինքին աջակցելու մեջ։ Վերջինս նախորդ շաբաթվանից մարտեր է մղում Եթովպիայի դաշնային կառավարության զորքերի դեմ։ Երեք երկրներն էլ հերքում են այդ մեղադրանքը։
Եգիպտոսի և Եթովպիայի հարաբերություններում հիմնական տարաձայնությունը Նեղոսի ջրերի օգտագործման հարցն է։ Կահիրեն մտավախություն ունի, որ Կապույտ Նեղոսի վրա կառուցված «Եթովպիայի մեծ վերածննդի» ամբարտակը կարող է նվազեցնել Եգիպտոս հասնող ջրի ծավալը՝ վտանգելով երկրի ջրամատակարարումն ու գյուղատնտեսությունը։ Ամբարտակի շահագործման շուրջ Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի միջև տարիներ շարունակ ընթացող բանակցությունները անարդյունավետ են եղել:
Վեճն ավելի է սրվել ամռանը, երբ Եթովպիան հայտարարել է Կապույտ Նեղոսի վրա ևս երեք ամբարտակ կառուցելու ծրագրերի մասին՝ դա համարելով իր ինքնիշխան իրավունքը։ Եգիպտոսն իր հերթին հայտարարել է, որ թույլ չի տա նոր ամբարտակների կառուցումը՝ չհստակեցնելով, թե ինչպես է կանխելու այն։
Այս շաբաթ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ Կահիրեն հնարավորություն է տալիս դիվանագիտությանն ու խաղաղ լուծումներին՝ միաժամանակ շեշտելով, որ «դա չի կարող լինել Եգիպտոսի և նրա ժողովրդի գոյության հաշվին»։
Լարվածության ֆոնին Եգիպտոսը նաև ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ «The National»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սոմալիում եգիպտական զորախմբի թվաքանակը նախատեսվում է մոտ 15 հազարից հասցնել 30 հազարի։ Միաժամանակ, ըստ «Bloomberg»-ի աղբյուրների, Եթովպիան պատրաստվում է Սոմալիից դուրս բերել ավելի քան 3 հազար զինծառայողի՝ երկրի ներսում ընդլայնվող մարտական գործողությունների պատճառով։







