Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կնոջ վրա կրակած Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Ադրբեջանի քաղաքացի Մուսաևի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել մի շարք հոդվածներով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։
ՀՀ ԱԱԾ-ն հոկտեմբերի 1-ին հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը և Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։
Ադրբեջանի պաշտոնական կառույցների տվյալներով՝ զինծառայողն անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել էր սեպտեմբերի 26-ին։ ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմն այդ մասին Հայաստանին տեղեկացրել էր սեպտեմբերի 29-ին։







