Իրանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցի սույն թվականի փետրվարի 13‑15‑ը կայանալիք Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին։ Նախապես ուղարկված հրավերները որոշ պաշտոնյաների համար հետ են կանչվել՝ հաշվի առնելով վերջին զարգացումները Իրանում և զանգվածային բռնությունը ցուցարարների նկատմամբ: Այդ մասին հայտնել են ֆորումի կազմակերպիչները:
Չեղարկվել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և նրա տեղակալի հրավերը։ Այդ մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:
Համաժողովի մամուլի ծառայությունը ընդգծել է, որ սովորաբար կազմակերպիչները չեն մեկնաբանում իրենց հրավերների քաղաքականությունը, սակայն այս դեպքում՝ նկատի ունենալով հանրային մեծ հետաքրքրությունը, որոշվել է բացառություն անել։ Նրանք նաև նշել են, որ մասնակիցների ցանկի ձևավորումը պաշտոնապես ավարտվում է միայն համաժողովի մեկնարկով, և կազմակերպիչները մշտապես հետևում են քաղաքական ընթացող իրադարձություններին՝ ապահովելու անվտանգության ոլորտի կարևոր տեսակետների ներկայացվածությունը։
Բեռլինում ընդգծել են, որ կառավարությունն ընդամենը խորհուրդ է տվել, իսկ հրավերների վերաբերյալ որոշումները համաժողովը կայացնում է ինքնուրույն, առանց իշխանությունների ցուցումների։
Իրանում մեծածավալ բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի վերջին՝ տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում, և արագ վերաճել են երկրի կրոնական և քաղաքական ղեկավարության դեմ բազմամարդ ցույցերի։







