Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերսկսել երկխոսությունը՝ միաժամանակ հայտարարելով երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
«Հույս ունեմ, որ Հյուսիսային Կորեան այժմ կմիանա մեզ՝ երկարատև ընդմիջումից հետո վստահությունը վերականգնելու և երկխոսությունը վերսկսելու ճանապարհին»,- ասել է Լին՝ երկրի զինված ուժերի օրվա առթիվ ունեցած ելույթում։
Նա նշել է, որ իր վարչակազմը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել երկու Կորեաների միջև ռազմական լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
Հարավային Կորեայի նախագահի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սեուլի զինված ուժերն ու ՄԱԿ-ի հրամանատարությունը հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան խախտել է Կորեական պատերազմի զինադադարը։ Խոսքը նախորդ շաբաթ ապառազմականացված գոտում ականի պայթյունի մասին է, որի հետևանքով երեք հարավկորեացի զինծառայող վիրավորվել էր։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հերքել էր այդ պնդումները և նախազգուշացրել պատասխան գործողությունների մասին։







