Նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai-ի FZ1073 չվերթում տեղի ունեցած միջադեպից։ Ըստ հրապարակված տվյալների՝ օդաչուների խցիկում տեղի ունեցած բախման հետևանքով օդանավի հրամանատարը վիրավորվել է, իսկ ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը։
Flydubai-ն պաշտոնապես հաստատել է օդաչուների խցիկում տեղի ունեցած բախման փաստը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ երկրորդ օդաչուն, որը Օմանի քաղաքացի է, սուր առարկայով հարձակվել է Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող օդանավի հրամանատարի վրա։ Միջադեպի շարժառիթը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Flightradar24-ի տվյալներով՝ միջադեպի ընթացքում ինքնաթիռը կտրուկ նվազեցրել է թռիչքի բարձրությունը։ Associated Press-ի հաղորդմամբ՝ այն մոտ երկու րոպեում շուրջ 33 հազար ֆուտից իջել է մինչև 17 հազար ֆուտ։
Օդանավը սկզբում փոխանցել է 7700 տրանսպոնդերային կոդը, որը վկայում է արտակարգ իրավիճակի մասին, այնուհետև՝ 7500 կոդը, որն ավիացիայում օգտագործվում է օդանավի կառավարմանը ապօրինի միջամտության դեպքում։
Ըստ լրատվամիջոցների՝ ուղևորներն ու օդանավում գտնվող անձնակազմի մյուս անդամները միջամտել են և օգնել վնասազերծել երկրորդ օդաչուին։
Flydubai-ն հայտնել է, որ նույն չվերթով մեկնող ընկերության այլ աշխատակիցներ կարողացել են վերահսկողության տակ վերցնել ինքնաթիռը, փոխել երթուղին և անվտանգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։
Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր։ Վիրավորված անձնակազմի անդամները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երկրորդ օդաչուն վայրէջքից հետո հանձնվել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին։
Միջադեպի հանգամանքներն ու երկրորդ օդաչուի գործողությունների շարժառիթը դեռևս քննվում են։







