Պակիստանը գիշերվա ընթացքում ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին։ Աֆղանստանի իշխանությունների պնդմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել է 9 կին և երեխա, ևս 11 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է «Associated Press»-ը։
Աֆղանստանի «Թալիբան» շարժման կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է, որ հարվածները հասցվել են Հելմանդի և Քունարի նահանգներում գտնվող քաղաքացիական տներին։ Նրա խոսքով՝ ավիահարվածների հետևանքով ավերվել է երեք տուն։
Պակիստանի տեղեկատվության նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են զինյալների թաքստոցներն ու ճամբարները։ Նախնական տվյալներով՝ սպանվել է 22 զինյալ։ Պակիստանի իշխանությունները նշել են, որ հարվածները «լավ ծրագրված և ճշգրիտ» են եղել, իսկ թաքստոցներում հայտնաբերված մեծ քանակությամբ զենքն ու զինամթերքը ոչնչացվել են։ Տեղեկատվության նախարարությունը նաև նշել է, որ ռազմական գործողությունները շարունակվելու են։
Հիշեցնենք, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև վերջին ամիսներին պարբերաբար տեղի են ունեցել սահմանային բախումներ և փոխադարձ մեղադրանքներ։ Աֆղանստանում ՄԱԿ առաքելության տվյալներով՝ այս տարվա ընթացքում սահմանային բռնությունների հետևանքով Աֆղանստանում ավելի քան 1100 խաղաղ բնակիչ զոհվել է և վիրավորվել։ Պակիստանը Աֆղանստանի «Թալիբան» իշխանություններին մեղադրում է «Թեհրիք-ի Թալիբան Պակիստան» (TTP) խմբավորմանը երկրի տարածքում գործելու և Պակիստանի դեմ հարձակումներ իրականացնելու հնարավորություն տալու մեջ։ Քաբուլը հերքում է այդ մեղադրանքները և պնդում, որ Աֆղանստանը զինյալներին ապաստան չի տրամադրում։







