Սեպտեմբերի 30-ին Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Մոջանին հրավիրվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ սոցիալական ցանցերում Քեթևան թագուհու վերաբերյալ արված հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Ըստ վրացական կողմի՝ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին նշել է, որ սոցիալական ցանցերում դեսպանի հայտարարությունները դուրս են գալիս դիվանագիտական գործունեության շրջանակներից։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նման հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հասարակական տրամադրությունների վրա: Նա հույս է հայտնել, որ իրանական կողմը կձեռնարկի համապատասխան միջոցներ, և նմանատիպ դեպքեր չեն կրկնվի, որպեսզի վրացական կողմից լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չլինի։
Ալեքսանդրե Խվտիսիաշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները պետք է իրենց գործունեությունը իրականացնեն իրենց դիվանագիտական մանդատի և իրավասության շրջանակներում, պահպանեն դիվանագիտական հարաբերությունների սահմանված նորմերը և զերծ մնան ընդունող երկրի պատմությունն ու ներքին գործերը մեկնաբանելուց։
Նշենք, որ օրերս Վրաստանում Իրանի դեսպան Ալի Մոջանին իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել էր դեսպանատան շենքը՝ Քեթևան թագուհու պատկերով, որին կից գրել էր.
«Շուտով ես այս էջի ընթերցողների հետ կկիսվեմ իմ նախնական հետազոտության արդյունքներով, որը վերաբերում է ինչպես Քեթևան թագուհուն, այնպես էլ Իրանում և Վրաստանում պահպանված փաստաթղթերին և պատմական աղբյուրներին։ Ներկայացված նյութը ո՛չ պաշտոնական տարբերակ է, ո՛չ էլ Քեթևանի վերաբերյալ վերջին խոսքը լինելու պնդում. դա կլինի պատմաբանի անձնական տեսլականն ու գնահատականը հետազոտության այս փուլում։ Բնականաբար, այս գնահատականը պետք է լրացվի, վերլուծվի, քննադատաբար վերանայվի կամ ուղղվի ապագայում՝ հիմնվելով վրացի և իրանցի հետազոտողների լրացուցիչ աղբյուրների և համատեղ հետազոտությունների վրա։ Հնարավոր է՝ նմանատիպ պատմությունների վերանայումը պետք է լինի միմյանց այսօր ավելի լավ և ավելի խորը ճանաչելու միջոց, այլ ոչ թե անցյալին վերադառնալու»։
Հավելենք, որ վրացական պատմական և եկեղեցական ավանդության համաձայն Քեթևան թագուհին գերի է ընկել պարսից շահ Աբբաս I-ի օրոք։ 1624 թվականին Շիրազում նրան առաջարկել են հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել իսլամ, ինչից հետո, ըստ այդ ավանդության, նա ենթարկվել է խոշտանգումների և մահապատժի։ Վրաց ուղղափառ եկեղեցին Քեթևան թագուհուն դասել է սրբերի շարքին՝ որպես մեծ նահատակ։








