Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որը թոշակառուներին հնարավորություն կընձեռի, պահպանելով իրենց սեփականության և բնակվելու իրավունքները, անշարժ գույքը հիփոթեքով հանձնել բանկին՝ դրա դիմաց ստանալով ամենամսյա վճարումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ներկայացնելով համապատասխան օրենսդրական նախագիծը, նշեց, որ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը տասնյակ տարիներ առաջ ներդրվել է մասնավորապես ԱՄՆ-ում, ինչը թոշակի տարիքի անձանց իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ։
«Մեր գործունեության ամբողջ ընթացքում կյանքի, երևի, ամենաթանկ ձեռքբերումը անշարժ գույքն է, որը ձեռք ենք բերում աշխատանքի, ստացած եկամուտների հաշվին՝ հիփոթեքային պայմանագրերով, ուղիղ գնումով կամ ժառանգությամբ և այլն։ Այս գույքը ձեռք բերելու համար տարիների ընթացքում վճարումները կատարելուց հետո ստանում ենք սեփականության իրավունք անշարժ գույքի նկատմամբ և թոշակի տարիքի հասնելուց հետո խնդիր ենք ունենում այդ համապատասխանաբար որոշակի ճանապարհներով կամ մեխանիզմներով եկամուտներ ստանալու և թոշակի տարիքում ապահովելու մեր բարեկեցությունը՝ հաշվի առնելով այն կապիտալը, որը կուտակվել էր անշարժ գույքի տեսքով։
Մեզ մոտ այս մասը դիտարկվում է ավելի շատ սպառողական, այսինքն՝ մարդիկ ապրելով անշարժ գույքում չեն կարողանում որոշակի առումով հենց այդ պահին եկամուտ ստանալ՝ պահպանելով դրա օգտագործման և սեփականության իրավունքը։ Զարգացած երկրները ներդրել են և փորձել են կարգավորել այս հարցը։ Այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում սեփականատերերը թոշակի անցնելուց հետո հնարավորություն են ունենալու բանկի հետ բանակցելով, որի պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ հիփոթեքով անշարժ գույքը հանձնել բանկին և, պահպանելով դրա նկատմամբ սեփականության և այդտեղ բնակվելու իրավունքը, ստանալ եկամուտներ»,-ներկայացրեց Թովմասյանը։
Նրա խոսքով՝ հետադարձ հիփոթեքով գույքը բանկին հանձնելուց հետո թոշակառուն ամեն ամիս անկանխիկ եղանակով կստանա որոշակի գումար, որն ավելանալով թոշակին, կդառնա հավելյալ միջոց ավելի բարեկեցիկ ապրելու համար։ Այդ ընթացքում թոշակառուն բանկին որևէ մարում կատարելու պարտավորություն չի ունենա։Այնուհետև, այդ գույքի ժառանգորդը հնարավորություն կունենա բանկի հետ կնքել պայմանագիր և մարելով համապատասխան գումարը, ձեռք բերել այն։ Նման պահանջ չլինելու դեպքում բանկը կարող է գրանցել գույքի նկատմամբ իր իրավունքն ու այն հանել աճուրդով օտարման։ Եթե դրանից ստացված գումարը կգերազանցի բանկի կողմից թոշակառուին վճարվածին, ապա դրա տարբերությունը կփոխանցվի ժառանգորդներին։








