Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման հեռանկարը մեծապես կախված է Իրանի շուրջ իրավիճակի զարգացումներից, քանի որ ԱՄՆ-ն ներկայումս կենտրոնացած է Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության վրա։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ТАСС-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնն այժմ «ամբողջությամբ ներգրավված է իրանական ուղղությամբ» և, ըստ էության, հենց ԱՄՆ-ն է ուկրաինական բանակցությունները դադարեցրել։ «Քանի դեռ իրանական հակամարտությունը չի հասել որևէ տրամաբանական հանգուցալուծման, ամերիկացիների համար դժվար կլինի ակտիվորեն զբաղվել այլ խոշոր միջազգային հարցերով», – նշել է զրուցակիցը։
Նրա գնահատմամբ՝ ներկայումս անհնար է կանխատեսել, թե երբ կարող է ավարտվել Իրանի շուրջ ճգնաժամը․ դա կարող է տեղի ունենալ ինչպես մոտ ապագայում, այնպես էլ մի քանի ամիս անց։ ТАСС-ի աղբյուրի կարծիքով՝ մինչև այդ ԱՄՆ-ի ուշադրության հիմնական կենտրոնում կմնա Մերձավոր Արևելքը, ինչը կարող է ազդել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի ակտիվության վրա։







