Թուրքիայում՝ Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ տանող ճանապարհին, լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսվել։ Այս մասին հայտնում է թուրքական «DHA» լրատվական գործակալությունը:
Ալիջան գյուղից մինչև սահմանային անցակետ ընկած շուրջ 6 կիլոմետրանոց հատվածում գործող ճանապարհի երկայնքով ստեղծվում է լրացուցիչ երթուղի, իսկ ճանապարհի լայնությունը մեծացվում է մինչև 30 մետր՝ դեպի անցակետ տանող ուղին բարեկարգելու նպատակով։
Միևնույն ժամանակ, գործակալությունը հիշեցրել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռ. Մամեդովի ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից և սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո։







