Ֆիլիպինների հարավում հունիսի 8-ին տեղի ունեցած 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, իսկ վիրավորներինը՝ 630-ի։ Այս մասին հաղորդում է «CBN News»-ը՝ հղում անելով երկրի Քաղաքացիական պաշտպանության վարչությանը։ Պաշտոնական տվյալներով՝ ևս 17 մարդ համարվում է անհետ կորած։
Երկրաշարժը գրանցվել է Մինդանաո կղզու հարավային ափամերձ հատվածում։ Տարերքի հետևանքով վնասվել է շուրջ 2500 բնակելի տուն, որոնցից 460-ը ամբողջությամբ ավերվել է։ Խեներալ Սանտոս քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իշխանությունների գնահատմամբ՝ երկրաշարժի հետևանքներից տուժել է ավելի քան 145 հազար մարդ։ Ֆիլիպինների սեյսմոլոգիայի ինստիտուտի (PHIVOLCS) տվյալներով՝ հիմնական ցնցումից հետո գրանցվել է ավելի քան 2000 հետցնցում։ Դրանց ուժգնությունը տատանվել է 1,3-ից մինչև 6,4 մագնիտուդի սահմաններում, իսկ բնակիչները զգացել են առնվազն 47 հետցնցում։







