Մինչ վերջին ռազմական բախումները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կենտրոնացել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ չորս հիմնական հարցերի վրա։ Այս մասին հաղորդում է «The New York Times»-ը։
Մասնավորապես, բանակցությունների ընթացքում առաջ են քաշվել հետևյալ հիմնական պահանջները․
1․ Ուրանի հարստացման երկարաժամկետ կասեցում
ԱՄՆ-ն փորձել է հասնել համաձայնության, որի համաձայն Իրանը 15 տարով կդադարեցնի ուրանի հարստացումը։ Սկզբում Վաշինգտոնը պահանջել է 20 տարվա ժամանակահատվածով, մինչդեռ Իրանը առաջարկել է 10 տարվա դադար։
2․ Իրանի ուրանի պաշարների նոսրացում
ԱՄՆ-ն առաջարկել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ նոսրացնել Իրանի բարձր հարստացված ուրանը՝ այն վերածելով ցածր հարստացված վառելիքի։ Ներկայումս, ըստ տեղեկությունների, Իրանը ունի մոտ 440 կգ՝ 60%-ով հարստացված ուրանի պաշար, իսկ Վաշինգտոնը պնդում է, որ գործընթացը պետք է ընդգրկի ամբողջ պաշարը՝ շուրջ 11 տոննա։
3․ Միջուկային օբյեկտների ապամոնտաժում
ԱՄՆ-ն պահանջել է Իրանի հիմնական միջուկային օբյեկտների՝ Նաթանզի, Ֆորդոյի և Իսֆահանի ապամոնտաժում։
4․ Առանց զգուշացման միջազգային ստուգումներ
Վաշինգտոնը պահանջում է, որ միջազգային տեսուչները ցանկացած պահի կարողանան անսպասելի այցեր կատարել Իրանի միջուկային բոլոր օբյեկտներ։ Իրանի դիրքորոշումը դեռ հստակ չէ, սակայն նշվում է, որ այս պահանջի իրականացումը բարդ է՝ հաշվի առնելով, որ մի շարք օբյեկտներ գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության տակ։
Հոդվածի համաձայն՝ այս հարցերը դարձել էին բանակցությունների առանցքը՝ մինչև վերջին ռազմական սրացումը։
Ըստ հրապարակման ներկայումս դեռ պարզ չէ՝ բանակցային գործընթացը կշարունակվի, թե ոչ, հատկապես վերջին էսկալացիայից հետո, որը համարվում է ամենախոշորը՝ 2026 թվականի ապրիլյան հրադադարից ի վեր։ Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ վերջին օրերին հարվածներ է հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, կառավարման կենտրոններին և ռադարային կայաններին՝ Իրանի կողմից ենթադրաբար ամերիկյան ուղղաթիռ խոցելու միջադեպից հետո։







