Ռուսաստանն ավելացրել է ձկան ներմուծումը Թուրքիայից և Իրանից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ավելի հեշտ է աշխատել մեծ թվով մատակարարների հետ․ «Մենք հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել։ Այդ պատճառով, որպես հակակշիռ, բացեցինք մատակարարումները այլ երկրներից։ Օրինակ՝ իշխանի մատակարարումների հարցում վերակողմնորոշվել ենք դեպի Իրան և Թուրքիա», – ասել է Դանկվերտը՝ հավելելով, որ եթե կախված լինեին միայն մեկ մատակարարից, կարող էր առաջանալ որևէ ապրանքի պակաս, սակայն այժմ նման խնդիր չկա, քանի որ ունեն մեծ ընտրություն։
Հիշեցնենք, որ մայիսի վերջից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի, ելակի, կորիզավոր մրգերի, խաղողի, սմբուկի, կարտոֆիլի, չորացրած մրգերի, կենդանի ձկան ներմուծումը։







