Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել այս շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կամ նույնիսկ Միացյալ Նահանգներում՝ բանակցություններ վարելու չորս տարի տևող պատերազմին վերջ դնելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Զելենսկին նշել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Պուտինին հրավիրել գագաթնաժողովին: «Մենք ուղերձ ենք հղել, որ պատրաստ ենք Պուտինի հետ հանդիպել G7-ի ընթացքում, քանի որ այնտեղ են լինելու Թրամփն ու Մակրոնը՝ այսինքն՝ եվրոպացիները գումարած Ամերիկան։ Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է բոլորով միասին հանդիպելու համար։ Եվրոպան և Միացյալ Նահանգները համաձայն էին, սակայն Ռուսաստանը կրկին ցույց տվեց, որ պատրաստ չէ խոսել»,- լրագրողներին հայտնել է Զելենսկին։
Ավելի ուշ թելեգրամյան իր ալիքում Ուկրաինայի նախագահը գրել է, որ հունիսի 14-ին Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը կազմակերպել ԱՄՆ-ում։
«Նախագահ Թրամփի հետ քննարկել ենք, որ նման հանդիպումը կարող է կազմակերպվել ԱՄՆ-ում՝ այնպիսի ձևաչափով, որը Պուտինի համար շատ ավելի կդժվարացնի հրաժարվելը, առնվազն՝ նախագահ Թրամփին մերժելը։ Տեսնենք, թե ինչ կստացվի դրանից։ Եթե Ռուսաստանը մերժի նաև այս հնարավորությունը, ապա ավելի մեծ ճնշում կպահանջվի»,- նշել է նա։
Ուկրաինացի պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ Զելենսկին G7-ում բանակցություններ վարելու առաջարկի մասին հայտնել է ամերիկյան կողմին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ուկրաինան հրավերն ուղղակիորեն փոխանցել է նաև ռուսական կողմին, սակայն հստակ պատասխան չի ստացել։ Մակրոնի գրասենյակն առայժմ հանդես չի եկել մեկնաբանությամբ։
Ավելի վաղ Պուտինին ուղղված բաց նամակում Զելենսկին առաջարկել էր առերես բանակցություններ անցկացնել: Ի պատասխան՝ Պուտինը հայտարարել էր, որ հանդիպման որևէ պատճառ չի տեսնում։







