Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն, X-ի իր էջում հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ նվերի և հանդիպման ընթացքում տեղի ունեցած «շատ լավ քննարկման» համար։
Կոսի խոսքով՝ հանդիպումը կայացել է «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկից առաջ, որի նպատակն է Հայաստանը ավելի սերտ կապել հարևան երկրների և եվրոպական շուկայի հետ։ «Սա կօգնի հայ արտադրողներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և իրենց բարձրորակ արտադրանքը հասցնել նոր շուկաներ», – նշել է եվրահանձնակատարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ Ռուսաստանից առևտրային սահմանափակումների հետևանքով տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Ֆինանսական միջոցները կուղղվեն առևտրի խթանմանը, գործարար կապերի ընդլայնմանը և հայկական արտադրողների համար նոր շուկաների բացմանը՝ հատկապես ագրոպարենային, ծաղկաբուծության և արտահանման ոլորտներում։ ԵՄ-ն ընդգծում է, որ սա միայն առաջին փուլն է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված աջակցության ծրագրի շրջանակում։ Համագործակցության հետագա քայլերը քննարկելու նպատակով հուլիսի 5-ին Մարթա Կոսը կայցելի Հայաստան:








