ԱՄՆ-ը 60 օրով ժամանակավորապես մեղմացրել է Իրանի նկատմամբ գործող նավթային պատժամիջոցները՝ առաջին բարձր մակարդակի բանակցություններից հետո, որոնք անցկացվել են Շվեյցարիայում։ Վաշինգտոնը թույլատրել է Թեհրանին վաճառել նավթ և նավթամթերք ու ստանալ վճարումներ՝ որպես համաձայնության իրականացման առաջին քայլերից մեկը, այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Միևնույն ժամանակ քննարկվում են ավելի լայն պայմանավորվածություններ՝ ներառյալ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմը, Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը և Իրանի միջուկային օբյեկտներ միջազգային տեսուչների վերադարձը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել և ձևավորվել է 60 օրվա ընթացքում վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզ:
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ստեղծել հատուկ կապի մեխանիզմ՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը կարգավորելու համար։ Նրա խոսքով՝ նաև համաձայնեցվել է Իրանի սառեցված շուրջ 12 միլիարդ դոլարի ակտիվների ազատման փաստաթուղթը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, զգուշացրել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի, եթե չկատարի համաձայնությունները։ «Եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները կամ իրեն պատշաճ չպահի, կանեմ այն, ինչ պետք է անեմ», – ասել է Թրամփը Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ առանց մանրամասնելու հնարավոր քայլերը։








