Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին տեղափոխող ռազմական ուղղաթիռը թռչունների երամի հետ բախվելուց հետո արտակարգ վայրէջք է կատարել։ Այդ մասին հայտնում է «Shoot» թելեգրամյան ալիքը։
Ըստ հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը նախագահի՝ Երուսաղեմի Հերցլ լեռան վրա անցկացված միջոցառումներին մասնակցությունից հետո ուղևորվում էր երկրի հյուսիսային շրջաններ։ Թռչունների հետ բախումից հետո անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Թել Ավիվի մերձակայքում գտնվող Պալմախիմ ավիաբազայում։
«Թռչունների հետ բախումից հետո ուղղաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջացել, սակայն օդաչուն կարողացել է անվտանգ արտակարգ վայրէջք կատարել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վայրէջքից հետո Հերցոգը մեկ այլ օդանավով շարունակել է թռիչքը՝ նախատեսված ժամանակացույցի համաձայն։








