Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 67-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ խրախուսելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, քանի որ դրանք տարածաշրջանում ստեղծում են ավելի մեծ կայունության և համագործակցության ընդլայնման հեռանկարներ։
Նա ընդգծել է նաև, որ «Միջին միջանցքի» զարգացումը ներկայում ունի առանձնահատուկ նշանակություն։ Ըստ նրա՝ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, լոգիստիկ ցանցերի զարգացումը, առևտրի խթանումը և բազմամոդալ կապերի ամրապնդումը կարող են տարածաշրջանը վերածել կարևոր և հուսալի կապող օղակի՝ տարբեր տարածաշրջանների և մայրցամաքների միջև։
Պապուաշվիլին հավելել է, որ ավելի կայուն հարևանությունը բխում է բոլոր մասնակից երկրների շահերից, իսկ ընթացող գործընթացները՝ թե՛ խաղաղության, թե՛ տնտեսական համագործակցության ուղղությամբ, բացում են նոր հնարավորություններ։ Նրա խոսքով՝ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ունեն կարևոր դեր տարածաշրջանային կապակցվածության և զարգացման նոր ձևաչափերի ստեղծման գործում։







