ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կիրառվել էին ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։ Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն կդիտարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
«Մենք պատրաստվում ենք հանել պատժամիջոցները։ Ժամանակն է։ Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ կիրառել մեր բարեկամների նկատմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ հարցի շուրջ աշխատում են ԱՄՆ պետքարտուղարն ու ֆինանսների նախարարը։
Լրագրողների հարցին, թե արդյոք մտահոգված է, որ Թուրքիան շարունակում է ունենալ ռուսական S-400 համակարգերը, Թրամփը պատասխանել է, որ նման մտահոգություններ չունի։ «Ես Թուրքիայի հետ կապված որևէ մտահոգություն չունեմ։ Կարծում եմ՝ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան երբևէ: Թուրքիան շատ առումներով ավելի հավատարիմ գործընկեր է եղել, քան որոշ երկրներ, որոնցից մենք դա սպասում էինք»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին նշել է, որ ակնկալում է դրական արդյունք F-35-ների ձեռքբերման հարցում։ «Մենք նախկինում քննարկել ենք այս հարցն ԱՄՆ-ի հետ, և մեզ խոստացվել էր հինգ ինքնաթիռ։ Ես գիտեմ, որ պարոն Թրամփը միշտ կատարում է իր խոստումները»,- հայտարարել է Էրդողանը։
Թրամփի հայտարարությունից ժամեր անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է այդ նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն սպառնալիք է տարածաշրջանային ուժերի հավասարակշռությանը։
«CNN»-ին տված հարցազրույցում Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիային ամերիկյան ամենաժամանակակից կործանիչների վաճառքը «Թուրքիային ԱՄՆ-ի բարեկամ պետություն չի դարձնում»։ Նրա խոսքով՝ Անկարան «ղեկավարվում է վարչակարգով, որը վարակված է «Մուսուլման եղբայրներ» շարժման գաղափարախոսությամբ և թշնամաբար է տրամադրված Միացյալ Նահանգների նկատմամբ»։
«Նա ԱՄՆ-ի օրինակելի դաշնակից չէ։ Նա սպառնում է ոչնչացնել իմ երկիրը՝ միակ հրեական պետությունը»,- ասել է Նեթանյահուն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ անձամբ կոչ է արել Թրամփին չեղարկել հնարավոր գործարքը՝ ընդգծելով, որ F-35-ների վաճառքը Թուրքիային «կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը»։
Հիշեցնենք, որ Թուրքիան 2019 թվականին հեռացվել էր F-35 ծրագրից այն բանից հետո, երբ ձեռք էր բերել ռուսական S-400 համակարգերը։ ԱՄՆ Կոնգրեսը օրենք էր ընդունել, որն արգելում է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, քանի դեռ վերջինս շարունակում է տիրապետել S-400 համակարգերին՝ դրանք համարելով սպառնալիք ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների անվտանգության համար։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին քննարկվում է տարբերակ, որի համաձայն՝ Թուրքիան կարող է S-400 համակարգերը փոխանցել երրորդ երկրի, ինչը կարող է ճանապարհ բացել F-35 ծրագրին նրա վերադարձի համար։ Սակայն նման համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել, և պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանը կհամաձայնի նման քայլին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի մի շարք հանրապետական և դեմոկրատ օրենսդիրներ արդեն հանդես են եկել F-35-ների հնարավոր վաճառքի դեմ՝ վկայակոչելով գործող օրենսդրությունը, ինչպես նաև Իրանի և Իսրայելի վերաբերյալ Անկարայի հռետորաբանությունը։







