Ուկրաինայում պատերազմում արդեն ներգրավված են ռոբոտացված համակարգերի ամբողջական ստորաբաժանումներ, որոնք փոխում են ռազմական գործողությունների ավանդական ընթացքը։ Այդ մասին գրում է «The New York Times»-ը։
Պարբերականի տվյալներով՝ բացի օդային անօդաչու սարքերից, հակամարտության կողմերն ավելի ակտիվ են կիրառում նաև ցամաքային ռոբոտներ։
Խոսքը ինչպես թրթուրավոր, այնպես էլ անիվավոր համակարգերի մասին է, որոնք իրականացնում են մատակարարման, զինամթերքի տեղափոխման, վիրավորների տարհանման, ականների տեղադրման, ինչպես նաև զինվորական դիրքերի պաշտպանության առաջադրանքներ։
«The New York Times»-ի փոխանցմամբ՝ նման համակարգերը յուրաքանչյուր ամիս կատարում են հազարավոր մարտական և օժանդակ առաքելություններ։
Թերթը նշում է նաև, որ արդեն արձանագրվել են դեպքեր, երբ ցամաքային մարտական ռոբոտները առաջնագծում գրոհել և գրավել են հակառակորդի խրամատները։ Պարբերականի գնահատմամբ՝ այն, ինչը մինչև վերջերս համարվում էր հեռավոր ապագայի տեխնոլոգիա, այժմ դարձել է մարտադաշտի իրականություն։








