Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել է, որ սահմանափակումներ է մտցնում Թուրքիայի հինգ արտադրողի կողմից մատակարարվող կորիզավոր մրգերի ներմուծման նկատմամբ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ արգելքը վերաբերում է ծիրանին, բալին, կեռասին, դեղձին և նեկտարինին։ Որոշումը հիմնավորվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային համարվող վնասատուների՝ թուրքական մրգերում պարբերաբար հայտնաբերմամբ։ Միաժամանակ չի նշվում, թե կոնկրետ ինչ վնասատուներ են հայտնաբերվել։
Ուշագրավ է, որ Ռոսսելխոզնադզորի հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Կիև կատարած այցից և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից ժամեր անց։ Հանդիպման ավարտին Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ստանձնել այդ երաշխիքների ծովային բաղադրիչի համակարգումը։
Նրա խոսքով՝ Թուրքիան չի ցանկանում, որ պատերազմը տարածվի Սև ծով, իսկ նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի գնդակոծությունները, ինչպես նաև խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող վտանգները անընդունելի են։ Ֆիդանը նաև վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նշել, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը։
Միաժամանակ, Թուրքիան ներկայումս Ռուսաստանի համար կորիզավոր մրգերի խոշորագույն մատակարարներից չէ։ Անցած տարվա տվյալներով՝ այդ ապրանքների հիմնական արտահանողներն էին Ուզբեկստանը՝ 180 հազար տոննա, Ադրբեջանը՝ 111 հազար տոննա և Հայաստանը՝ 64 հազար տոննա։
Սակայն Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի համար ցիտրուսային մրգերի խոշորագույն մատակարարը՝ շուրջ 599 հազար տոննա արտահանմամբ, ինչպես նաև երկրորդ տեղն է զբաղեցնում ձմերուկի և սեխի մատակարարումների ծավալով՝ զիջելով միայն Ուզբեկստանին։








