ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Trump Media» ընկերությունը պատրաստվում է գործարկել վճարովի ծառայություն, որը ներդրողներին և շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա «Truth Social» սոցիալական ցանցում նախագահի հրապարակումներին ծանոթանալ ավելի վաղ, քան դրանք հասանելի կդառնան լայն հանրությանը։ Այդ մասին գրում է «The Wall Street Journal»-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ծառայության գործարկումը նախատեսվում է օգոստոսին։ Այն հիմնականում նախատեսված կլինի ներդրումային ընկերությունների, խոշոր ներդրողների և ալգորիթմային առևտրով զբաղվող կազմակերպությունների համար։
«Trump Media»-ում կարծում են, որ նոր ծառայությունը կդառնա եկամտի լրացուցիչ աղբյուր, քանի որ Թրամփի հրապարակումները հաճախ զգալի ազդեցություն են ունենում ֆինանսական շուկաների վրա։ Ընկերության տվյալներով՝ պոտենցիալ հաճախորդների մի մասն արդեն նախագրանցում է արել։
Միաժամանակ ընկերությունը դեռ չի հրապարակել ծառայության արժեքը և չի հայտնել, թե որքան շուտ բաժանորդները կստանան նախագահի նոր գրառումները՝ մյուս օգտատերերի համեմատ։
«The Wall Street Journal»-ը նշում է, որ Թրամփի հրապարակումները մշտապես ֆինանսական շուկաների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են։ Նրա հայտարարությունները, մասնավորապես մաքսատուրքերի, ինչպես նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերաբերյալ, մի քանի անգամ զգալի տատանումներ են առաջացրել բաժնետոմսերի, նավթի և այլ ակտիվների գների վրա՝ որոշ ներդրողների բերելով շահույթ, իսկ մյուսներին՝ խոշոր կորուստներ։








