Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով թուրքական սեփականություն հանդիսացող, հացահատիկ տեղափոխող բեռնատար նավի վրա զոհվել է վեց մարդ։ Այս մասին հայտնում է «AFP»-ն։
Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը երեք հրթիռ է արձակել «Golden Leo» նավի ուղղությամբ, որը տեղափոխում էր հացահատիկ և դուրս էր գալիս մարտական գոտուց։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ նավի անձնակազմում եղել են Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Ուկրաինայի տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը հայտարարել է, որ հարվածի հետևանքով ութ անձ փրկվել է, երկուսը վիրավորվել են, վեց նավաստի զոհվել է, ևս չորսի գտնվելու վայրը դեռ անհայտ է։
Սիբիգան նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է ուկրաինացի նավաստի։ Միջադեպը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Ռուսաստանը գիշերը լայնածավալ հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարձակումը եղել է Կիևի վրա իրականացված ամենախոշոր բալիստիկ հարվածներից մեկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արձակել է ավելի քան 40 հրթիռ, որոնցից 25-ը՝ բալիստիկ։ Հարձակման հետևանքով Կիևում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 16-ը։
Իր հերթին Ռուսաստանը հայտարարել է, որ թիրախավորվել են ռազմական օբյեկտներ, լոգիստիկ կենտրոններ և Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներ՝ հերքելով քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների մասին մեղադրանքները։ Միաժամանակ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ վերջին շաբաթներին ռուսական հարվածների ինտենսիվությունը աճել է, իսկ երկիրը շարունակում է բախվել հակաօդային պաշտպանության համակարգերի, մասնավորապես՝ ամերիկյան «Patriot» համակարգերի համար նախատեսված հրթիռների պակասի հետ։








