ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե Իրանին թույլ տրվի վերահսկել Հորմուզի նեղուցը և նավերից վճարներ գանձել, ապա դա վտանգավոր նախադեպ կստեղծի միջազգային առևտրի և նավարկության ազատության համար։
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների ամենամյա հանդիպման բացման ժամանակ Ռուբիոն նշել է, որ նման զարգացումը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։
«Եթե Մերձավոր Արևելքում ստեղծվի այնպիսի նախադեպ, երբ որևէ պետություն որոշի վերահսկել միջազգային ջրային ուղին, գանձել վճարներ, իսկ չվճարելու դեպքում պայթեցնել նավերը, ապա դա չափազանց վտանգավոր նախադեպ կլինի, որը հետագայում կարող է կրկնվել աշխարհի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ այստեղ»,- հայտարարել է նա։
Միաժամանակ Ռուբիոն հավաստիացրել է, որ, չնայած Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ-ն շարունակում է լիարժեք աջակցել ԱՍԵԱՆ-ի անդամ երկրներին։
Մանիլայում այս շաբաթ անցկացվող հանդիպումներին մասնակցում են նաև Չինաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Հանդիպման շրջանակում Ռուբիոն մասնակցել է նաև «Քվադ» ձևաչափի (ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան և Ճապոնիա) արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական համագործակցության, հումանիտար օգնության, արտակարգ իրավիճակների արձագանքման, ինչպես նաև ծովային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Համատեղ հայտարարությամբ «Քվադ»-ի անդամները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծովային անվտանգության պահպանման նախաձեռնություններին՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանի անվտանգության և տնտեսական բարգավաճման հիմքն են։







