Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հուլիսի 23-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
«Ռուբիոյի հետ հանդիպումն արդեն համաձայնեցված է»,- Մանիլայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ Մոսկվան հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ Վաշինգտոնը դեռևս չի մերժել Անքորիջում ներկայացված իր առաջարկները։
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ առնվազն այս պահին ամերիկացի գործընկերները չեն մերժել իրենց իսկ առաջարկները, որոնք հնչել էին Անքորիջում և որոնք այժմ արդեն բոլորին հայտնի են»,- ասել է նա։
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե կարգավորումը մոտենում է։
«Ինչ վերաբերում է նախագահ Թրամփի կանխատեսմանը, որ կարգավորումը մոտենում է, ապա այդ մասին վաղը կհարցնեմ Մարկո Ռուբիոյին»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։







