Հայաստանի հետ սահմանակից թուրքական Աքյաքա քաղաքի քաղաքապետ Էրգյուդեր Թոփթաշը «Region Monitor»-ին հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանի հնարավոր բացմանը, սահմանային ենթակառուցվածքների պատրաստվածությանը, ինչպես նաև գործընթացից ակնկալվող տնտեսական արդյունքներին։
«Այսօր Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները ժամանակ առ ժամանակ հանդիպում են, և սահմանի բացման հարցը քննարկվում է հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Երբ Հայաստանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, ակնկալվում է, որ սահմանային անցակետերն էլ կբացվեն»,-նշել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից արդեն իրականացվում են անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքները․ սահմանային անցակետի տարածքում շարունակվում են երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, իսկ երկու երկրների միջև գտնվող երկաթուղային կամուրջը կառուցվում է Թուրքիայի կողմից՝ երկրի նախագահի հանձնարարությամբ և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ․
«Նախագծի ավարտին մնացել է մեկ-երկու ամիս, առավելագույնը՝ երկու-երեք ամիս։ Այդ ընթացքում աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն»,– նշել է Թոփթաշը։
«Region Monitor»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ երկու-երեք ամիս անց սահմանային ենթակառուցվածքները լիովին պատրաստ կլինեն հնարավոր բացման համար, քաղաքապետը պատասխանել է դրական՝ հավելելով, որ աշխատանքներ են իրականացվում նաև ավտոմոբիլային ճանապարհի ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Աքյաքայում և ընդհանրապես Կարսի շրջանում սահմանի բացման նկատմամբ մեծ հետաքրքրվածություն կա։
«Քաղաքական գործիչները, գործարարները և Կարսի բնակիչները ցանկանում են, որ այն հնարավորինս շուտ բացվի, որպեսզի զարգանան առևտրային բարիդրացիական հարաբերությունները»,- նշել է նա։
Անդրադառնալով հնարավոր տնտեսական համագործակցությանը՝ Թոփթաշն ընդգծել է, որ առաջին հերթին զարգանալու ներուժ ունեն անասնապահությունն ու առևտուրը։ Նրա գնահատմամբ՝ Կարս-Աքյաքա ուղղությունը կարող է դառնալ դեպի Մերձավոր Արևելք հասնելու ամենակարճ ճանապարհներից մեկը, ինչը տնտեսական օգուտ կբերի երկու երկրներին։
Խոսելով հասարակական ընկալումների մասին՝ Աքյաքայի քաղաքապետը նշել է, որ սահմանամերձ բնակավայրերում նախկինում գոյություն ունեցած մարդկային շփումները չեն մոռացվել, իսկ բնակիչների մեծ մասը դրական է վերաբերվում սահմանի հնարավոր բացմանը։
«Մինչև 1993 թվականը մարդիկ գնում-գալիս էին, առևտուր էին անում։ Այսօր էլ որևէ թշնամական վերաբերմունք չկա։ Ընդհակառակը՝ բնակիչները ցանկանում են, որ սահմանը բացվի, տարածաշրջանը տնտեսապես աշխուժանա և Հայաստանի հետ առևտրային կապեր հաստատվեն։ Այդպիսի պահանջով քաղաքացիները բազմիցս դիմել են մեզ»,- եզրափակել է նա։







