Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը հիմնովին փոխել է Եվրոպական միության Արևելյան հարևանությունն ու դրա նկատմամբ Բրյուսելի քաղաքականությունը: Գերմանացի քաղաքագետ և վերլուծաբան Ստեֆան Մայստերն իր վերլուծության մեջ առանձնացնում է տարածաշրջանում նկատվող մի քանի առանցքային միտումներ, որոնք ձևավորում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ:
Անվտանգայնացում և ռուսական ազդեցության անկում
Փորձագետի դիտարկմամբ՝ եվրոպական հավաքական անվտանգության համակարգը փաստացի ավարտվել է, իսկ տարածաշրջանի անվտանգայնացումը (securitization) դարձել է տարբեր ոլորտների՝ ենթակառուցվածքների, թվայնացման, տրանսպորտի և էներգետիկայի հիմնական շարժիչ ուժը:
Մայստերը նկատում է, որ պատերազմն արագացնում է Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային տերության ազդեցության անկումը: Ըստ հեղինակի՝ Մոսկվան, իր ռեսուրսների հիմնական մասը կենտրոնացնելով Ուկրաինայում, ստիպված է փոխել իր շահերը տարածաշրջանում, քանի որ պատժամիջոցները շրջանցելու համար նրան այլընտրանքային երթուղիներ ուգործընկերներ են անհրաժեշտ: Վերլուծաբանը շեշտում է, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ ապահովել անվտանգություն կամ ուժերի հավասարակշռություն, ինչը թուլացնում է նրա բանակցային դիրքերը, թեև Մոսկվան դեռ փորձում է ազդել երկրների ներքին քաղաքականության վրա հիբրիդային մեթոդներով խրախուսմամբ:
ԱՄՆ-ի դերի փոփոխությունը և նոր դերակատարների ակտիվացումը
Ստեֆան Մայստերի գնահատմամբ՝ Վաշինգտոնն արմատապես փոխել է իր վարքագիծը. ԱՄՆ-ն այլևս չի աջակցում ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը, այլ առաջ է մղում սեփական բիզնես շահերը, ինչն ակնհայտ դարձավ Վրաստանում: Ըստ հեղինակի՝ իր գործարքային մոտեցմամբ ԱՄՆ-ն առանցքային ոլորտներում այլևս ԵՄ-ի դաշնակիցը չէ, այլ հաճախ՝ մրցակիցը, ինչի հետևանքով Բրյուսելը մնում է տարածաշրջանում միակ արժեքահեն դերակատարը:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը մատնանշում է, որ Արևելյան հարևանության երկրները ձեռք են բերում ավելի մեծ ինքնուրույնություն: Ըստ նրա դիտարկման՝ տարածաշրջանում չկա արտաքին միահեծան հեգեմոն, իսկ ռուսական գերիշխանության թուլացման ֆոնին ակտիվանում են երրորդ տերությունները, այդ թվում՝ Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Պարսից ծոցի երկրները: Հեղինակը շեշտում է, որ ձևավորվում են նոր տարածաշրջանային կարգեր, որտեղ ազդեցության համար պայքարում են նոր դերակատարներ, օրինակ՝ Ուկրաինան՝ Սև ծովում, իսկ Ադրբեջանը՝ Հարավային Կովկասում:
ԵՄ քաղաքականության վերանայումն ու մարտահրավերները
Անդրադառնալով Եվրոպական միության քաղաքականությանը՝ Մայստերը փաստում է, որ Արևելյան գործընկերությունը որպես տարածաշրջանային ձևաչափ կորցրել է իր նախկին իմաստը, սակայն մինչև 2027 թվականը կպահպանվի որպես երկկողմ հարաբերությունների օգտակար գործիք:
Ըստ հեղինակի՝ ԵՄ-ն փորձում է միավորել տարբեր տարածաշրջաններ (Սև ծով, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա), սակայն դրան դեռևս համապարփակ ռազմավարական շրջանակ է պակասում: Վերլուծաբանը նկատում է նաև, որ ԵՄ «Global Gateway» նախաձեռնությունը չունի բավարար ուղղակի ֆինանսավորում, ինչի պատճառով Բրյուսելը ստիպված է հենվել միջազգային բանկերի վարկերի վրա՝ Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախագծին հակակշռելու համար:
Ամփոփելով իր վերլուծությունը՝ Ստեֆան Մայստերը եզրակացնում է, որ ԵՄ-ի կարողությունը՝ ձևավորելու տարածաշրջանային նոր կարգերը, ուղղակիորեն կախված է անդամ պետությունների քաղաքական հանձնառությունից և հաջորդ բյուջետային փուլում հատկացվելիք ռեսուրսներից: Առանց հայեցակարգային խորացման՝ ԵՄ կապակցվածության (connectivity) մոտեցումը չի կարող արդյունավետորեն դիմակայել այլ տերությունների աճող մրցակցությանը:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության Արևելյան հարևանությունը Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան ուղղությունն է, որը միավորում է ԵՄ-ին և վեց արևելյան գործընկերների՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային:







