Իրանի և Ադրբեջանի մաքսային ծառայությունների ղեկավարներ Ֆորուդ Ասգարին և Շահին Բաղիրովը Բիլասուվարի սահմանային անցակետում կայացած հանդիպման ընթացքում մաքսային համագործակցության ընդլայնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Հանդիպման հայտարարված նպատակն է եղել երկու երկրների միջև առևտրային ու տարանցիկ փոխադրումների արագացումն ու դյուրացումը, ինչպես նաև սահմանային խոչընդոտների վերացումը։
Իրանական կողմն ընդգծել է Աստարայի և Նախիջևանի ուղղություններով սահմանային կամուրջների կառուցման ավարտի կարևորությունը՝ նշելով, որ դա էականորեն կթեթևացնի բեռնատարների տեղաշարժը և կլուծի սահմանային ծանրաբեռնվածության հիմնական խնդիրը։
Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը և ողջունել երկու գերատեսչությունների ղեկավարների միջև 24-ժամյա ուղիղ առցանց կապի հաստատումը։







