ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արտահայտվել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ՝ գովաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և խոստանալով հանել պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:
Այնուամենայնիվ, ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կոնգրեսին ուղղված հուլիսի 22-ի նամակում ընդգծվում է, որ Անկարան դեռևս չի կատարել օրենքով պահանջվող անհրաժեշտ պայմանները: Ըստ նամակի՝ ամերիկյան օրենսդրությունն արգելում է F-35-ների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ այն օգտագործում է ռուսական S-400 համակարգերը, չի հրաժարվել դրանք ապագայում գնելու մտադրությունից և չի բավարարել Կոնգրեսի սահմանած մյուս չափանիշները:
ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին և փորձագետ Սինան Ջիդդին նշում են, որ S-400-ները երրորդ երկրին փոխանցելը կարող է իրավական ճանապարհ բացել, սակայն դա կարող է հանդիպել Մոսկվայի հակազդեցությանը կամ ընդունող երկրի մտավախություններին:
Ջիդդիի խոսքով՝ S-400-ի հարցը «նվազագույն շեմն է»: Կոնգրեսում մտահոգություն են առաջացնում նաև Թուրքիայի կապերը ՀԱՄԱՍ-ի հետ, Ռուսաստանի հետ շարունակվող հարաբերությունները, չինական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը և Հունաստանի, Կիպրոսի ու Իսրայելի հետ լարվածությունը:
Պետդեպարտամենտի նամակում, չնայած իրավական արգելքներին, դրական է գնահատվել Թուրքիայի դերը մի շարք դիվանագիտական գործընթացներում: Պետդեպը ընդգծել է Թուրքիայի աջակցությունը ԱՄՆ դիվանագիտական ջանքերին Ռուսաստան-Ուկրաինա, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների, Գազայի հատվածի և ԻՊ-ի դեմ պայքարի ուղղություններով:
Գործարքի ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը շարունակում է մնալ ԱՄՆ Կոնգրեսը: Երկկուսակցական 18 կոնգրեսականներ արդեն կոչ են արել արգելափակել վաճառքը ներկայիս պայմաններում:
Բացի այդ, ըստ տեղեկությունների, Իսրայելը նույնպես ճնշում է գործադրում Թրամփի վարչակազմի վրա՝ թույլ չտալու F-35-ների փոխանցումը Անկարային, որպեսզի չխաթարվի տարածաշրջանում Իսրայելի ռազմական առավելությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան F-35 ծրագրից հեռացվել էր 2019 թվականին, իսկ 2020-ին ենթարկվել CAATSA պատժամիջոցների: Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ ռուսական համակարգի և ամերիկյան կործանիչների միաժամանակյա շահագործումը Մոսկվային թույլ կտա գաղտնի տվյալներ հավաքել F-35-ի տեխնոլոգիաների վերաբերյալ:








