ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով TRIPP նախագծի հետ կապված իրանական կողմի մտահոգություններին, հայտարարել է, որ Իրան կատարած իր վերջին այցի ընթացքում և դրանից առաջ էլ շատ հստակ ասել է, որ հայկական կողմը գործում է բաց ու թափանցիկ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
«Մենք պատրաստ ենք տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան, որովհետև TRIPP-ը տնտեսական, ենթակառուցվածքային շատ խոշոր ու շատ կարևոր նախագիծ է։ Դա միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Հայաստանին ու Իրանին։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի իրականացման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը Իրանի, Ադրբեջանի, Նախիջևանի, Հայաստանի ու Վրաստանի տարածքով»,- նշել է Փաշինյանը:
Նրա գնահատմամբ՝ դա այն ուղղություններից մեկն է, որն ի չիք է դարձնում այն քննադատությունները, որոնց համաձայն՝ TRIPP նախագծի իրականացումը դուրս է թողնում տարածաշրջանի որևէ երկրի։
«Ընդհակառակը, սա ներգրավող նախագիծ է և, իհարկե, դրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը։ Հույս ունեմ, որ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի, որպեսզի մենք կառուցողական բոլոր նախագծերը կարողանանք իրականացնել»,- ընդգծել է Փաշինյանը։








