Իսպանական Սեուտայում միգրանտների ճգնաժամի ֆոնին ԵՄ ներքին գործերի նախարարները օգոստոսի 4-ին տեսակոնֆերանսի ձևաչափով արտահերթ նիստ են անցկացրել՝ պայմանավորվելով սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար հրատապ օգնություն տրամադրել Իսպանիային: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Ձևավորվել է ընդհանուր ընկալում առ այն, որ անհրաժեշտ է անզիջում պայքար մղել անօրինական միգրանտների տեղափոխմամբ զբաղվող ցանցերի դեմ, ակտիվացնել հետընդունման գործընթացները, ամրապնդել ԵՄ սահմանները, խորացնել գործընկերությունը երրորդ երկրների հետ և բարելավել իրավիճակի կանխատեսելիությունը», – նշվել է նախարարների համատեղ հայտարարության մեջ:
ԵՄ պաշտոնյաներն ու իրավապահները նշել են, որ Սեուտայում սահմանային վերահսկողության խաթարումը ապաստան հայցողներին տրամադրված ապատեղեկատվության հետևանք է եղել. կասկածներ կան, որ մարդկանց ապօրինի տեղափոխմամբ զբաղվող խմբավորումները միտումնավոր մոլորեցրել են միգրանտներին:
Նշենք, որ Սեուտայի միջադեպը քննադատության ալիք էր բարձրացրել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ: Իտալիան և Ֆինլանդիան նույնիսկ կոչ էին արել ժամանակավորապես կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան համաձայնագրին: Նիստի ընթացքում Իսպանիայի, Ֆրանսիայի ՆԳ նախարարները և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Մագնուս Բրունները հայտարարել են, որ Շենգենյան գոտու անվտանգությունը վտանգված չէ, քանի որ Սեուտայից որևէ անձ չի անցել Եվրոպայի մայրցամաքային տարածք:
Իսպանական կողմի փոխանցմամբ՝ վերջին օրերին արդեն շուրջ 60,000 մարդ վերադարձել է Մարոկկո, իսկ Սեուտայում մնացել է մոտ 2,500 անձ:








