ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական կայքից հեռացրել է վերջին 25 տարում իրականացված հիմնական զինատեսակների փորձարկումների մասին բոլոր զեկույցները։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
Գերատեսչությունն այս քայլին դիմել է հուլիսի 30-ին՝ առանց նախապես հանրային հայտարարություն անելու։ Համապատասխան հրամանը արձակել է Պենտագոնի զենքի փորձարկման բյուրոյի ղեկավար Էմի Հենինգերը։ Ավելի ուշ նախարարությունը պարզաբանել է, որ սա «կանխարգելիչ քայլ է՝ ուղղված ԱՄՆ մարտունակության և օպերատիվ պատրաստվածության ամրապնդմանը»։
Պենտագոնում մտավախություն ունեն, որ հակառակորդ պետությունները կարող են օգտագործել արհեստական բանականությունը կամ այլ ժամանակակից գործիքներ՝ բաց տվյալները վերլուծելու համար։ Ըստ Պենտագոնի՝ դրանց միջոցով թշնամական կողմը կարող է կազմել ԱՄՆ կարևորագույն ենթակառուցվածքների և պաշտպանական համակարգերի խոցելիության ճշգրիտ քարտեզներ։
Այսուհետ այդ զեկույցներից օգտվելու հնարավորություն կունենան միայն հատուկ անցագրեր ունեցող աշխատակիցները՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից համապատասխան ստուգում անցնելուց հետո։
«Bloomberg»-ը նշում է, որ Զենքի փորձարկման բյուրոյի տարեկան զեկույցները ԱՄՆ-ում նոր սպառազինությունների վերաբերյալ բաց և պաշտոնական տեղեկատվության հիմնական աղբյուրներից էին։ Մյուս կարևոր աղբյուրը Կառավարական հաշվետվողականության գրասենյակի զեկույցներն էին, որոնց հրապարակումը ևս Պենտագոնը նախկինում արգելափակել էր (մասնավորապես՝ F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ)։








